Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.05.2012

Հարգելի հայրենակիցներ
Ռազմաքաղաքական  պարտություններով, անկումներով ու ողբերով լեցուն մեր պատմության մեջ դարերի խավարը բոցավառող ու լուսավորող մի էջ է մայիսի 9-ը, որն ամրագրվել ու հաստատվել է արյամբ նվաճված երկու սխրագործ հաղթանակներով:
Երկու անգամ հայասպան թշնամիների որջերում ոտք դրած հայ զինվորները՝ 1945 թվականի մայիսի 9-ին Բեռլինում եւ 1992 թվականի մայիսի 9-ին Շուշիում, թնդացրին հաղթական քոչարին՝ պարտադրելով մեր ոսոխներին պարտություն, բերելով մայր հայրենիքին բաղձալի խաղաղություն եւ ազատություն: Բեռլինի եւ Շուշիի ապրեցնող հաղթանակների վրա են խարսխվել մերօրյա հայկական երկու պետությունները, որոնք իրենց շուրջ են հավաքել աշխարհասփյուռ հայության արդար ձգտումներն ու նպատակները, վաղուց դարձել անխորտակելի ուժ ու հայոց ազատագրված հայրենիք՝ հայացքը պայծառ գալիքներին հառած:
Հայ զինվորի հաղթական բազուկն այսօր էլ արյունռուշտ, հայատյաց  թշնամուն ստիպում է՝ սսկվել իր բնում, ընդունել հրադադարի պայմանները՝ կես քայլ անգամ նրան առաջ չթողնելով:
Եվ որքան հեռանում ենք 20-րդ դարից, այնքան ավելի են արժեւորվում Բեռլինի եւ Շուշիի հաղթանակները, այնքան ավելի են բյուրեղանում դրանք կռող հերոս զավակների անունները: Նրանք կռվեցին եւ ընկան հայոց երկրի ազատության ու լուսավոր կյանքի համար, եւ հիմա մենք պիտի նրանց անձնազոհության դիմաց ոչ միայն  խոնարհվենք, ոչ միայն նրանց պիտի փառաբանենք անուն առ անուն, այլ պիտի շարունակենք աչքի լույսի պես պաշտպանել մեր երկրի սահմանները, անդուլ աշխատանքով ու տիրոջ հոգով մեր հայրենիքը դարձնենք համայն հայության ամենաերջանիկ, միակ ու անկրկնելի տունը:
Հաղթանակի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ազատաբաղձ ու կարոտաբաղձ հայությանը, մարտական դիրքերում կանգնած մեր զինվորներին, հայոց բանակի հրամանատարությանը, Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի վետերաններին, նրանց զավակներին ու հետնորդներին, այդ հաղթանակներին շունչ ու շուք տվող, մեր հայրենիքը կերտող ժողովրդին, ցանկանում մեր բազմաչարչար հողին տեւական խաղաղություն, արարման անսպառ թափ ու ոգի, սեր եւ միաբանություն:
Հայոց հողի վրա թող միշտ նորանան համազգային հաղթանակները:
Լավագույն ցանկություններով՝


Գեղարքունիքի մարզպետ    Նվեր Պողոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:04:13