Նորություններ
ՎԱՐԴԵՆԻԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԹԻՄԸ` ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂ
30.03.2012

Մարտի 29-ին անցկացվեց շախմատի դպրոցականների 6-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլը, որին մասնակցեցին հինգ տարածքային փուլում հաղթած թիմերը` Գավառի 4 հիմնական, Լճաշենի միջնակարգ, Ճամբարակի թիվ 1, Վարդենիկի կրթահամալիրի եւ Վարդենիսի ավագ դպրոցների թիմերը: Իսկ ընդհանուր առմամբ, մարզում շախմատի օլիմպիադաներին մասնակցել են շուրջ 1000 պատանիներ ու աղջիկներ: Մասնակից թիմերի կազմում ընդգրկվել էին մեկական աղջիկ եւ երեքական տղա:
Թիմային մրցաշարն անցկացվեց հինգ փուլով: Լճաշենի միջնակարգ դպրոցի եւ Վարդենիկի կրթահամալիրի թիմերը հավաքեցին հավասար 7 միավոր, եւ լրացուցիչ գործակիցների առավելությամբ հաղթեց Վարդենիկի կրթահամալիրի թիմը, որի մարզիչն է Սամվել Արզումանյանը:
Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից բոլոր թիմերի մասնակիցներին հանձնվեցին շախմատի ցուցադրական տախտակներ, իսկ հաղթող թիմի յուրաքանչյուր մարզիկին տրվեց մեկական ՙնեթբուք՚:
Հաղթողներն հնարավորություն ստացան մասնակցելու ՀՀ շախմատի դպրոցականների 6-րդ օլիմպիադայի հանրապետական փուլին: