Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱ ԱԻՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

28.03.2012

Այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն  Երիցյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների պետերը, Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պատասխանատուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Նախարար Արմեն Երիցյանը Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությանը հանձնեց ամենագնաց նորագույն մեքենա, որն այսուհետ ծառայելու է մարզի համայնքների  կարիքներին՝ արտակարգ ամենատարբեր իրավիճակներում: Շնորհակալություն հայտնելով նման քայլի համար` մարզպետ Նվեր Պողոսյանը նշեց, որ այս ամենագնաց մեքենան անգնահատելի նվեր է ոչ միայն մարզի փրկարարներին, այլ նաեւ համայնքների բնակչությանը: Ապա Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում  նախարարը եւ մարզպետը շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեցին այս տարվա մարտ ամսի ընթացքում Կարճաղբյուր եւ Ծաղկաշեն գյուղերի տարածքներում փրկարարական աշխատանքներ իրականացրած 12 փրկարարների: Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության վեց աշխատակիցների պարգեւատրեց նախարար Երիցյանը, վեց աշխատակիցների` Նվեր Պողոսյանը` դրվատելով նրանց անձնազոհ ու մասնագիտական ծառայությունները: Մարզպետ Նվեր Պողոսյանն իր հերթին դրվատեց նաեւ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանի աշխատանքը, նշելով, որ ծառայությունը գործում է անչափ օպերատիվ եւ բարեխղճորեն: Նախարար Երիցյանն իր խոսքում նշեց, որ այսուհետ ավելի բարձր հիմքերի վրա է դրվելու իրենց համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ: Այս ամենագնաց մեքենայի հանձնումը, ըստ նախարարի, դեռ մարզի փրկակարար ծառայության տեխնիկական վերազինման սկիզբն է, ինչին հաջորդելու են տեսանելի նոր քայլերը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն օգտագործմանն է տրամադրվել Գավառի հիվանդանոցի նախկին շենքը, որտեղ եւ կենտրոնանալու են նախարարության ենթակայությամբ գործող Գեղարքունիքի մարզային բոլոր կառույցները: Սրանով լուծում է ստանում նաեւ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման հարցը, որով եւ հնարավոր կլինի ավելի օպերատիվ եւ արդյունավետ արձագանքել մարզում գրանցված բոլոր արտակարգ իրավիճակներին, իսկ այս առումով Գեղարքունիքի մարզը դառնում է Հայաստանում առաջին եւ օրինակելի մարզը: Նախարարը նաեւ հավելեց, որ վերջապես ՀՀ կառավարությունում դրվել է Գեղարքունիքի մարզում հակակարկտային կայաններ ստեղծելու խնդիրը, որի իրականացման համար հարկավոր է նախ կատարել համապատասխան ուսումնասիրություններ եւ առաջարկություններ ներկայացնել մարզի տարածքում առկա ռադիոլոկացիոն երկու կայանների վերականգնման շուրջ: Խորհրդակցության ավարտից հետո նախարար Արմեն  Երիցյանը, մարզպետ Նվեր Պողոսյանը եւ նրանց ուղեկցող պաշտոնական անձինք այցելեցին Գավառի նախկին հիվանդանոցի շենք, որտեղ պետք է բացվի եւ գործի ճգնաժամային կառավարման Գեղարքունիքի մարզային կենտրոնը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22