Նորություններ
ՍԵՎԱՆԸ ՍԱՌՑԱԿԱԼԵԼ Է
22.03.2012

Արդեն երրորդ օրն է, ինչ Սեւանա լիճը ձյան տեղումների եւ ցուրտ եղանակի ազդեցության տակ, եւ այն էլ ամբողջապես, կրկին հայտնվել է սառցե կապանքներում: ՙՀայհիդրոմետ՚ ծառայության չափումների արդյունքում սառույցի շերտը Կարճաղբյուրի հատվածում կազմել յոթ, Շորժայի հատվածում՝ երկու սանտիմետր: Չնայած Գեղարքունիքի մարզում գրանցված երկօրյա արեւոտ եղանակին՝ լճի սառցաշերտը, ըստ մասնագետների, հալվելու հավանականություն չունի, քանի դեռ չի եղել քամիների ազդեցությունը: Եվ շատ հավանական է, որ լիճը սառցե կապանքներում մնա ոչ միայն մարտ ամսին, այլ նաեւ ապրիլի առաջին տասնօրյակում, ինչպես որ եղել է նաեւ նախորդ տարիների ընթացքում: Ստեղծված իրավիճակը ծանր անդրադարձ է ունեցել Սեւանա լճի թռչնաշխարհի վրա, որոնք երամներով կուտակվել են սառույցից շատ հազվադեպ բաց հատվածներում՝ կենսական տարածքներ գտնելու նպատակով: ՙՍեւան՚ Ազգային պարկի մասնագետների հավաստմամբ՝ արդեն Սեւանի ջրլող թռչունների մի քանի տեսակ հայտնվել էին Գեղարքունիքում՝ մինչեւ լճի անակնկալ սառցակալումը: Եվ եթե Սեւանը սառցե կապանքներից հնարավորինս շուտ չազատվի, ապա տեղում բնադրող կամ բնադրելու եկած թռչունների վերարտադրությունը լրջորեն կվտանգվի: