Նորություններ
ԳԱՎԱՌՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԵՄՈԴԻԱԼԵԶԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
21.03.2012

2011 թ դեկտեմբեր ամսին հանրապետության նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Գավառի հիվանդանոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությունը: Շինարարությունն իրականացվել էր համաշխարհային բանկի ներդրումների հաշվին: Ի թիվս բարձր տեխնոլոգիաներով և ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած այլ բաժանմունքների՝ հեմոդիալեզի բաժանմունքում բացակայում էին ջրի նախնական մաքրման և հետադարձ օսմոսի սարքավորումները: Մարտի 19-ից, վերոնշյալ բաժինն սկսեց իր կանոնավոր գործունեությունը անհամեմատ մեղմելով մարզում նշված հիվանդությամբ տառապողների խնդիրները:Բաժանմունքի բացման արարաողությանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, այլ պաշտոնյաներ: Մարզի ղեկավարը բաժանմունքի գործունեությունը համարեց կենսական կարևոր նշանակության գործընթաց և շատ լուրջ ձեռքբերում մարզի առողջապահության ոլորտում: Բժիշկների կարծիքով Գեղարքունիքի մարզում տարվա ընթացքում կհաշվառվեն մինչև 25 դիալեզ ընդունող հիվանդներ: Այս պահին գրանցված է 15-ը: Տեղի բժիշկն ու բուժքույրերը վերապատրաստվել են մայրաքաղաքի Էրեբունի և Մալաթիա Սեբաստիա բուժկենտրոնների բարձրակարգ մասնագետների օգնությամբ, նրանք նաեւ սկզբնական շրջանում կլինեն Գավառում, անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար: Հեմոդիալեզի բաժանմունքն աշխատելու է շաբաթվա 6 օրերին: Յուրաքանչյուր հիվանդ այստեղ հաճախելով զերծ է մնում օր ու մեջ Երևան մեկնելով 8 ժամ կորցնելու հարկադիր խնդրից: Չհաշված տրանսպորտի և դրա հետ կապված այլ ծախսերը: Հեմոդիալեզից հետո հիվանդները կարող են հանգստանալ նախատեսված սենյակում: Իսկ դեղամիջոցները, ինչպես տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանը, ձեռք կբերվեն հիվանդանոցի միջոցների հաշվին: