Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

15.03.2012

 

Այսօր կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2012թ  առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Նվեր Պողոսյանը: Նիստին մասնակցում էին մարզի համայնքների , ուժային մի շարք կառույցների եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Նիստի օրակարգում քննարկվեց երեք հարց` ՙԳեղարքունիքի մարզպետի 2011 թվականի գործունեության եւ սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը՚, ՙԱնչափահասների շրջանում կատարված հանցագործությունները եւ դրանց կանխարգելման աշխատանքների, 2012 թ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին՚, ՙՄարզի համայնքների 2012 թվականի բյուջեների կազմման եւ  հունվար, փետրվար ամիսներին  սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը՚:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրեց  Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Անդրադառնալով կենսագործունեության բոլոր ոլորտներին` մարզպետը դրականորեն բնութագրեց մարզի զարգացման ընթացքը եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը, նշելով, որ ձեռքբերումներն առկա են ամեն մի բնագավառում, որոնցից առավելապես առանձնանում են գյուղատնտեսության, ճանապարհաշինության, կրթության, առողջապահության, քաղաքաշինության, արտաքին տնտեսական կապերի ոլորտները: Այդ ձեռքբերումներում մարզի ղեկավարը մատնանշեց համայնքերի ղեկավարների եւ մարզպետարանի ստորաբաժանումների արդյունավետ ու համագործակցված աշխատանքը, որոնց արդյունքում հնարավոր է եղել պետական ներդրումները եւ տեղական բյուջեներում հավաքագրված սեփական եկամուտներն ուղղել սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրերի իրականացմանը գրեթե բոլոր բնակավայրերում եւ ամենատարբեր ուղղություններում: Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է ՙԳեղարքունիքի մարզի 2012-2015 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը՚, որի կատարմամբ մարզում  էապես բարելավվելու է կյանքի որակը, բարձրանալու է բնակչության կենսամակարդակը, կրճատվելու են աղքատությունն ու գործազրկությունը, տնտեսությունն ապրելու է ավելի տեսանելի զարգացում: Սակայն այդ ծրագրերը կայնքի կոչելու համար, ըստ բանախոսի, հարկավոր է ավելի ջանադիր, չընդհատվող եւ նպատակասլաց աշխատանք:
Օրակարգային երկրորդ հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը: Նա նշեց, որ մարզի դատախազության, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ոստիկանության մարզային վարչության, մարզի համայնքների ղեկավարների եւ հանրակրթական հաստատությունների տնօրենների համագործակցված աշխատանքի արդյունքում անչափահասների շրջանում կատարված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են 12 դեպքով, ինչը փաստում է, որ հնարավոր է կանխարգելիչ միջոցառումների իրականացման ճանապարհով նվազագույնի հասցնել նման բնույթի հանցագործությունները: Մարզի դատախազն այս հարցում հատկապես կարեւորեց համայնքի ղեկավարների, հանրակրթական հաստատությունների տնօրենների եւ մանկավարժների դերը, ովքեր առավել լավ գիտեն հսկողությունից, անուշադրությունից ու դաստիարակությունից դուրս մնացած երեխաներին, նրանց  հակումները, հանցագործության մղող ամենատարբեր պատճառները, որոնք պահանջում են առաջին հերթին կանխարգելիչ, քան թե պատժիչ աշխատանքներ:
Օրակարգային երրորդ հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը: Նա նշեց, որ մի շարք համայնքներում բյուջեների վերանայումը դարձել է անհրաժեշտություն, քանի որ դրանցում ընդգրկվել են հաստիքային միավորներ, մասնավորապես անասնաբույժների, որոնց լիազորությունները պատվիրակված են պետության կողմից, եւ համայնքի բյուջեն նրանց աշխատավարձ սահմանելու իրավասություն չունի: Մյուս կողմից էլ, կապված ՀՀ կառավարության կողմից համայնքներում նախորդ տարիներին կուտակված ապառքների զիջման որոշման հայեցակարգի հետ, անհրաժեշտություն է առաջանում բյուջեների վերանայման եւ վերակազման համար,քանի որ դրանցում պետք է արտացոլված լինեն  մարված ապառքները: Բանախոսը հավելեց նաեւ, որ այս տարվա առաջին երկու ամիսների կտրվածքով տեղական բյուջեների սեփական եկամուտները հավաքագրման միջինը կազմել է 67,9 տոկոս, ինչը չի կարելի գոհացուցիչ համարել: Այն դեպքում, երբ Մարտունու եւ Գավառի տարածքի շատ համայնքներ սեփական եկամուտների հավաքագրման շատ բարձր թվեր են ապահովել, փոխարենը Ճամբարակի, Վարդենիսի ու Սեւանի տարածքի շատ համայնքներ էլ ապահովել են աննշան կամ զրոյական արդյունք:
Ամփոփելով նիստի աշխատանքները` մարզպետը համայնքի ղեկավարներին կոչ արեց լինել հետեւողական եւ մինչեւ վերջ ապահովել սեփական եկամուտների հավաքագրումը` բյուջեների կատարումը չկապելով համապետական ու տեղական նշանակության ընտրություններով զբաղված լինելու հետ:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22