Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՓԱԿ ԵՆ ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆ-ՄԱԴԻՆԱ, ՄԱՔԵՆԻՍ-ԱԽՊՐԱՁՈՐ, ՎԱՐԴԵՆԻՍ-ԱՅՐՔ ԵՎ ՄԱՐՏՈՒՆԻ-ԳԵՏԱՓ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

12.03.2012

Մարտ ամսի առաջին տասնօրյակում Գեղարքունիքի մարզում շարունակվեց պահպանվել ջերմային ցածր ռեժիմը` ուղեկցվելով ձյան տեղումներով եւ հաճախակի կրկնվող ուժեղ ձնաբքերով: Եթե համայնքների մեծ մասում եւ մարզի գլխավոր ճանապարհներին հաջողվեց ապահովել երթեւեկությունը, ապա նույնը չի կարելի ասել բարձրլեռնային միշարք գյուղեր տանող ճանապարհների եւ Սելիմի լեռնանցքի մասին: Այսօրվա դրությամբ շարունակում են փակ մնալ Վերին Գետաշեն-Մադինա, Մաքենիս-Ախպրաձոր, Վարդենիս-Այրք ճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը: Նշյալ ուղղություններում կուտակված ձյան շերտը, այն էլ խտացված, հասնում է մի քանի մետրի:  Տասնյակ կիլոմետր երկարության այդ ճանապարհահատվածներում առայժմ տեխնիկական միջոցներն անզոր են սանձել բնության տարերքը, որը տեւականորեն շարունակում է պաշարված  պահել մի քանի լեռնային բնակավայրեր:Մաքրման աշխատանքներ իրականացվում են գրեթե ամեն օր, սակայն ժամերի ընթացքում ձնաբքերը կրկին ծածկում են  բացված  ճանապարհները: Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհին խտացված ձյան բարձրությունը գերազանցել է հինգ մետրը: Սպասարկող՝ ՙՇանթ-Սեյրան՚ ընկերությունը իրավիճակը շտկելու համար Լոռու մարզից վարձակալությամբ այստեղ է տեղափոխել ՙԿամացո՚ մակնիշի հզոր տեխնիկա, որը գործի է դրվել մարտի տասից, սակայն կուտակված ձնից ճանապարհը դեռ վերջնականապես չի մաքրվել: Ընկերության տնօրենի հավաստմամբ` առաջիկա մի քանի օրերի ընթացքում միայն հնարավոր կլինի բացել ճանապարհները ինչպես Սելիմի լեռնանցքում, այնպես էլ Վերին-Գետաշեն –Մադինա ուղղությունում: Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ այս ձմեռը շատ ծանր է նստել Մադինայի բնակչության վրա` գրեթե անընդհատ փակ պահելով գյուղի ճանապարհը` հաղորդակցության հիմնական ու կենսական  ուղին արտաքին աշխարհի հետ: ԵՒ դեռ լավ է, օր այդ ընթացքում գյուղում արտակարգ պատահարներ չեն գրանցվել, մարդկանց համար առայժմ բավարար են եղել սննդի պաշարները: Իսկ տարեց մարդիկ էլ հավելում են, որ նման ձնառատ ժամանակներ եղել են նախորդ դարի կեսերին, երբ Մադինայի համար տրանսպորտային հաղորդակցության գլխավոր միջոցը եղել է ձիասահնակը:  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22