Տպել
Նորություններ
ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ ՄԱՔՐՎՈՒՄ Է
21.02.2012

Փետրվար ամսին տեղացած առատ ձյունն ու չընդհատվող ուժեղ ձնաբքերը գրեթե միշտ փակ վիճակում են պահել Սելիմի լեռնանցքը, ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհին ստեղծելով բարդ ու անհաղթահարելի իրավիճակ: Սակայն վերջին մի քանի օրերին, եղանակային պայմանների հարաբերական կայունությանը զուգընթաց ճանապարհն սպասարկող կազմակերպության աշխատակիցները լծվեցին Սելիմի լեռնանցքի բացման ոչ այնքան դյուրին աշխատանքներին :
Սաստիկ ձնաբքերի հետևանքով ճանապարհի առանձին հատվածներում կուտակված ձյան շերտի բարձրությունը հասնում է մինչև 2 մետրի: Մարտունի քաղաքից մինչև Սելիմի քարավանատուն` ձյան ծածկույթի տակ գտնվող մոտ 18 կմ երկարությամբ ճանապարհի վրա աշխատում է 4 միավոր տեխնիկա: Մեխանիզատորները աշխատանքի հետ կապված որևէ խնդիր, բացի վերսկսվող ձնաբքերի վտանգից չեն տեսնում:
Ավելացնենք նաև, որ փետրվարի 21-ի ողջ օրվա ընթացքում եղանակային կայուն վիճակի շնորհիվ ճանապարհաշինարարները կարողացել են ձյան կապանքներից ազատել ճանապարհը: Ամենայն հավանականությամբ Սելիմն ամբողջովին բաց կլինի փետրվարի 22-ին: Իսկ թե որքան կպահպանվի այս վիճակը` կախված է միայն եղանակի քմահաճույքներից, քանզի Սելիմում երբեմն ձնաբքեր են լինում նույնիսկ ապրիլ ամսին: Փետրվարի 21-ի դրությամբ երթևեկելի է նաև ՆերքինԳետաշեն-Մադինա- տեղական նշանակության ճանապարհը: