Նորություններ
ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆ-ՄԱԴԻՆԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ Է
15.02.2012

Անցած շաբաթ տեղացած առատ ձյունը անանցանելի իրավիճակ էր ստեղծել Վերին Գետաշեն-Մադինա ավելի քան 6 կմ միջհամայնքային նշանակության ճանապարհահատվածում: Իսկ փետրվարի 10-ից 12-ին գրանցված ուժեղ ձնաբքերի հետևանքով այդ համայնքների միջև ամբողջովին կտրվեց տրանսպորտային և հետիոտնային կապը: Մադինա համայնքի բնակիչները գոհություն են հայտնում Աստծուն, որ այդ օրերին համայնքում ծնունդների դեպքեր չեն գրանցվել, այլապես ծննդկանին Մարտունու հիվանդանոց տեղափոխելը միայն ուղղաթիռով հնարավոր կլիներ, նշում են նրանք: Իսկ Վ Գետաշենում մնացած միջոցառումներին մասնակցելու անհնարինությանը մադինայի բնակիչներն ըմբռնումով են մոտենում, առավել ևս, որ ձնաբուքը դադարել է և ճանապարհներն արդեն մաքրվում են: Ձնաբքերի դադարից հետո, փետրվարի 13-ից ընթանում են Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհի մաքրման աշխատանքները: Այն իրականացնում է Շանթ-Սեյրան Ընկերությունը: Կուտակված ձյան շերտի բարձրությունը առանձին հատվածներում հասնում է մինչև 3 մետրի, ինչն էլ թույլ չի տալիս մաքրման աշխատանքները արագ կատարել: Վերին Գետաշեն –Մադինա ճանապարհն սպասարկող կազմակերպության ղեկավարի հավաստմամբ` փետրվարի 15-ի դրությամբ ճանապարհը բաց է և մաքրման աշխատանքն ամբողջովին ավարտված է: Մնում է հուսալ, որ իրավիճակը չի կրկնվի, քանզի Մադինան իր աշխարհագրական դիրքից ելնելով զերծ չի նման խնդիրներից: