Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ
09.02.2012

Վերջին երկու օրերին տեղացած առատ ձյունը և մոլեգնած բքերը դժվարանցանելի, որոշ տեղերում էլ անանցանելի իրավիճակ են ստեղծել Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհներին: Փետրվարի 9-ի դրությամբ մարզում երթևեկելի են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները, իսկ տեղական ենթակայության որոշ ճանապարհահատվածներում սաստիկ բքի և առատ տեղումների պատճառով ստեղծվում են դժվարանցանելի իրավիճակներ: Գեղարքունիքի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնից հայտնում են , որ մարզում ճանապարհներ սպասարկող կազմակերպությունները արդեն 2 օր է աշխատում են արտակարգ ռեժիմով: Անանցանելի և դժվարանցանելի հատվածներում տեխնիկայի միջամտության արդյունքում անմիջապես վերականգնվում է երթևեկությունը: Այս օրերին մարզի ողջ տարածքով գործի է դրված ձմեռային պահպանության համար նախատեսված ամբողջ տեխնիկան: Պարբերաբար մաքրվում են ճանապարհների երթևեկելի մասերը և մշակվում աղով ու ավազով: Օրվա ընթացքում դեռևս փակ էր մնում Սելիմի լեռնանցքը, ինչպես նաև բարձր լեռնային Վերին Գետաշեն-Մադինա և Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհահատվածները: Փետրվարի 4-5-ին տեղացած առատ ձյան և սառնամանիքի պատճառով ամբողջովին սառցակալել էր Մեծ Սևանը: Հայհիդրոմետից ստացված տեղեկատվության համաձայն սառույցի շերտի հաստությունը կազմել է 2-3 սմ: Սակայն վերջին երկու օրերին գրանված բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամիների արդյունքում սառույցի շերտը հալվել է: Այս պահին պահպանվում է միայն ափասառույցը: