Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌԱՏ ՁՅՈՒՆ Է ՏԵՂՈՒՄ
20.01.2012

Հունվարի 19-ի եւ լույս 20-ի գիշերվա ընթացքում Գեղարքունիքի մարզում անընդմեջ եւ առատ ձյուն է տեղացել, ինչը շարունակվում է նաեւ ցերեկվա ընթացքում: Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի, առանձին տեղերում էլ անանցանելի վիճակ է առաջացել ճանապարհային երթեւեկության համար: Համեմատաբար անցանելի վիճակ պահպանվում է Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում, ուր ձյան շերտը հասնում է 10-15 սանտիմետրի: Գավառի տարածքում այն կազմում է 20-25 սանտիմետր, իսկ Մարտունու եւ Վարդենիսի տարածքներում`40-45 սանտիմետր: Սելիմի լեռնանցքը տեղացած առատ ձյան եւ բքերի հետեւանքով փակ է մնում անցած գիշերվա առաջին ժամերից, առավել դժվարանցանելի է մնում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը: Անանցանելի վիճակում են հայտնվել դեպի բարձրլեռնային մի շարք գյուղեր տանող ճանապարհները: Վաղ առավոտվանից մարզով մեկ գործի է դրվել մաքրող ողջ տեխնիկան, բոլոր ուղղություններում ընթանում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ, սակայն ձյունը շարունակում է տեղալ: