Տպել
Նորություններ
ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆԵՐԸ
27.12.2011

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տարեկան միջոցառումների ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 26-ին և 27-ին մարզում կազմակերպվեցին և անցկացվեցին միջոցառումներ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին: Այդ միջոցառումներից մեկն անցկացվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մասնակցությամբ: ԿՄՍ վարչության մշակույթի բաժնի կողմից պատրաստված տոնական ծրագրի մաս կազմեց մարզպետարանի ստորաբաժանումների գործունեության ընթացքում արձանագրված ձեռքբերումների ամփոփ նկարագրությունը, որից հետո ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան ստորաբաժանմանը պատկանող խրախուսական նվերներ: Ուսանողական և մարզի լավագույն ստեղծագործողների փառատոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի 11 բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողական թիմերը: Վերջիններս հանդես եկան ողջույնի խոսքով, այնուհետև իրենց մշակութային կարողությունները ներկայացրին ասմունքի, երգի, պարի, հումորային ծրագրի և ստեղծագործելու ոլորտներում: Լավագույն կատարողները խրախուսվեցին Գեղարքունիքի մարզպետի կողմից սահմանված հուշանվերներով: Մարզի ղեկավարը շնորհավորեց և խրախուսական նվերներ հանձնեց նաև մարզի տարբեր տարածքները ներկայացնող արվեստի ոլորտի 10 ներկայացուցիչների, ինչպես նաև մարզի տարածքից 2011 թվականին տարբեր մարզաձևերում հաղթանակ տարած 10 մարզիկներին և նրանց մարզիչներին: Ի նշան Գեղարքունիքի մարզպետի կողմից տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության և իր մարզիկների կողմից տարած հաղթանակների՝ բռնցքամարտի Կարմիրգյուղի մարզիչ Մարատ Կարոյանը Նվեր Պողոսյանին հանձնեց բռնցքամարտի խորհրդանիշը կրող կրծքանշան և ձեռնոցներ: