Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ
07.12.2011
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան միջնակարգ դպրոցում ավելի քան 20 տարի գործում է կերպարվեստի խմբակ, որտեղ այս ուսումնական տարում հաճախում են դպրոցի տարբեր դասարանների մոտ 60 աշակերտներ: Խմբակը ղեկավարում է նույն դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Նեկտար Սահակյանը: Շնորհիվ ուսուցչուհու մասնագիտական որակյալ հմտությունների խմբակի սաները թե հանրապետական և թե միջազգային տարբեր ստուգատեսներում բազմիցս արժանացել են պատվոգրերի և խրախուսական այլ պարգևների:Այս տարի դպրոցից 50 աշխատանք ներկայացվեց ,,Հայոց Պետականություն 5000-ամյա և 20-ամյա,, խորագրով համահայկական ցուցահանդես մրցույթին: Սահմանված 5 գլխավոր մրցանակներից մեկին արժանացավ նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Բառբարյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Հերմինե Թաթոյանը արժանացավ խրախուսական մրցանակի: Դեկտեմբերի 7-ին Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան միջնակարգ դպրոցի երկու մրցանակակիրներին և նրանց ուսուցչուհուն ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Մարզի ղեկավարը շնորհավորեց նրանց ձեռք բերած հաջողության համար և նրանց հանձնեց հուշանվերներ: