Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ
30.11.2011
Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը Ճամբարակ քաղաքում խորհրդակցություն անցկացրեց Ճամբարակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, համայնքներում անասնագլխաքանակի ձմեռացման ընթացքում բուժպրոֆիլակտիկ միջոցառումների իրականացման, գյուղատնտեսական տարվա արդյունքների ամփոփման հետ կապված հարցեր:Համայնքների ղեկավարները զեկուցեցին, որ այս տարվա ընթացքում տարածաշրջանում որոշակիորեն ավելացել են աշնանացան ցորենի ցանքերը, եւ եթե եկող տարի գյուղացիներն արդյունք ստանան, կկրճատեն գարնանացանը, քանի որ Ճամբարակում այն էապես արդյունավետ չի: Մարզպետն հավելեց, որ մարզպետարանի եւ տարածքի համայնքների համագործակցությամբ շահավետ կլինի կարտոֆիլի մշակության արմատավորումը Ճամբարակում: Նա հարկ համարեց հիշեցնել, որ ԽՍՀՄ տարիներին այս տարածաշրջանը հազարավոր տոննաներով կարտոֆիլ է արտադրել ու արտահանել, իսկ այժմ արտադրողից պարզապես վերածվել է սպառողի: Կարեւորվեց նաեւ ճիշտ ժամանակին անասնագլխաքանակի բուժպրոֆիլակտիկ միջոցառումների իրականացումը, քանի որ նախորդ տարվա ընթացքում, կապված անասնաբուժական ծառայություններում իրականացված կառուցվածքային փոփոխությունների հետ, համակարգում եղան թերացումներ եւ ուշացումներ, ինչի հետեւանքով եւ որոշ համայնքներում արձանագրվեցին անասնահամաճարակների բռնկումներ, որոնց կանխարգելման համար որոշակի միջոցներ ու ջանքեր պահանջվեցին: Նվեր Պողոսյանը հույս հայտնեց, որ նման պատմությունները չկրկնվելու համար հարկավոր է համայնքներում հստակ կերպով իրականացնել անասունների հաշվառումը, որպեսզի կառավարությունը պատվաստանյութը հատկացնի ըստ ներկայացված գլխաքանակի, հավելեց մարզի ղեկավարը: Խոսվեց նաեւ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: Կատարված ցուցանիշները 11 ամիսների կտրվածքով համեմատելով նախորդ տարվա հետ` մարզպետը հայտնեց իր գոհունակությունը եւ հորդորեց մինչեւ վերջ լինել հետեւողական եւ տարեւերջին ապահովել 100 տոկոս կատարողական: