Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ

16.11.2011

Մարզերում ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը խորհրդակցություններ է անցկացնում մարզպետարաններում:
Նոյեմբերի 15-ին  ՀՀ  փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը   Գեղարքունիքի մարզում էր: Մինչ մարզպետարանում խորհրդակցությունն սկսելը, Ա. Գեւորգյանն այցելեց  Գանձակ, Կարմիրգյուղ եւ Սարուխան համայնքներ, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվում է մշակույթի տների հիմնանորոգում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Ծրագրի առաջին մասով նախատեսված` նշված մշակույթի տների նորոգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, ընթացքում են ծրագրի երկրորդ մասով նախատեսված աշխատանքները:Այցի ընթացքում փոխվարչապետը հանդիպեց նաեւ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ոստիկանության մարզային վարչության Սեւանի եւ Մարտունու հաշվառման քննական խմբերի ղեկավարների հետ` տեղեկանալու համար, թե որքանով են կիրառվում վերջին շրջանում օրենքներով եւ կառավարության որոշումներով սահմանված փոփոխությունները: Նա պահանջեց անխտիր պահպանել կատարված փոփոխությունների պահանջները, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանը: Գեղարքունիքի մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին եւ երկրորդ մասերի իրականացմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետին զեկուցվեց, որ ծրագրի առաջին մասով աշխատանքները հիմնականում ավարտվել են: Առաջին մասում ընդգրկված 35 ծրագրերից 8-ի աշխատանքները կավարտվեն մինչեւ նոյեմբերի 25-ը: Վարդենիսի մշակույթի տան նորոգման` ծրագրի առաջին մասով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ, իսկ Գավառի թատրոնի վերանորոգումն ընդգրկված է նաեւ ծրագրի երկրորդ մասում: Զեկուցվեց, որ մարզում մեկնարկել է ծրագրի երկրորդ մասի իրականացումը: Մոտ մեկ ամսից կավարտվեն նախագծանախահաշվային աշխատանքները, եւ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո ձեռնամուխ կլինեն շինարարական աշխատանքներին: Երկրորդ մասով եւս հիմնականում կվերանորոգվեն մշակութային օբյեկտներ, մանկապարտեզներ, ներհամայնքային ճանապարհներ: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների ընթացքը, հետեւել դրանց որակին եւ ժամանակացույցին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 3-ի 108 – Ն որոշմամբ մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հատկացվել էր 10 մլրդ դրամ: Սեպտեմբերի 29-ին որոշան մեջ կատարված լրացումով հատկացվել էր եւս 10 մլրդ դրամ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվեց, որ նոյեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 3, 5 մլրդ դրամի դիմաց կազմել են 3,3 մլրդ դրամ (կատարողականը` 94.1.%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 81%` 2010թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճելով 2.3 %-ով, սակայն հողի հարկի հավաքագրման նվազում է նկատվել: Փոխվարչապետը հորդորեց հետեւողական աշխատանքներ իրականացնել` ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Նա նշեց, որ վերջին շրջանում ընդունված իրավական ակտերը համայնքային բյուջեներ լրացուցիչ մուտքեր ապահովելու հնարավորություն են ստեղծում: Դրան են մասնավորապես նպաստում արոտները վարձակալության հանձնելու գործընթացի դյուրացումը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության "Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակության արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի փոփոխելու մասին" որոշումը: Անդրադարձ եղավ նաեւ 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին: Ա. Գեւորգյանը մարզպետարանի աշխատակազմին հորդորեց մեթոդական եւ խորհրդատվական օգնություն ցուցաբերել համայնքներին, որպեսզի վերջիններս կարողանան մինչեւ դեկտեմբերի 14-ն ավարտել նախագծերի կազմման եւ հաստատման գործընթացը ու փաստաթղթերը քննարկման ներկայացնեն ավագանու նիստերում: Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին: Մասնավորապես նշվեց, որ այս տարի մարզի գյուղացիական տնտեսությունները կառավարության սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի շնորհիվ կատարել են 20 300 հա աշնանացան, ինչը 6 577 հա-ով գերազանցում է 2010 թ. ցուցանիշը: Նախորդ տարվա համեմատ բարձր է նաեւ բերքատվության ցուցանիշը: Գրեթե բոլոր մշակաբույսերից ստացվել է միջին եւ միջինից բարձր բերք: Զեկուցվեց սերմացուի վերադարձելիության եւ բաշխման գործընթացի, գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների մասին: Տեղեկություններ ներկայացվեց նաեւ համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ընթացքի մասին: Մարզի 7 համայնքի նախագծեր հաստատված են, 24 համայնքի նախագծեր գտնվում են մշակման կամ հաստատման փուլում, մնացածը չեն սկսել գործընթացը` պատճառաբանելով բյուջեների սղությունը: Սեւանի ափամերձ 41 համայնքից միայն 12-ը չեն սկսել հատկագծերի մշակման գործընթացը` նույն պատճառաբանությամբ: Ա. Գեւորգյանը մարզպետին հանձնարարեց համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ մյուս համայնքներին եւս առաջարկել բյուջեներում այդ նպատակով գումարներ նախատեսել: Անդրադարձ եղավ տարբեր կազմակերպությունների միջոցներով մարզի համայնքներում իրականացվող ծրագրերին եւ համայնքների կողմից համաֆինանսավորման ընթացքին: Փոխվարչապետը կարեւորեց համաֆինանսավորման կատարումը` նշելով, որ համայնքների կողմից ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն եւ ժամանակին կատարելը հնարավորություն է տալու նոր ծրագրեր իրականացնել մարզերում: Խորհրդակցության ընթացքում տվյալներ ներկայացվեցին մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42