Նորություններ
ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ
14.11.2011
Նոյեմբերի 11-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Բացելով նիստը` մարզի ղեկավարի առաջարկով մարզխորհրդի անդամները եւ նիստին հրավիրված մյուս մասնակիցները մեկ րոպե քար լռությամբ հարգեցին երկու օր առաջ հանկարծամահ եղած իրենց գործընկեր, Զովաբերի համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանի հիշատակը: Ապա Նվեր Պողոսյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետին` Վարդան Նադարյանին:
Այնուհետեւ նիստն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: ՙՏեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին՚ հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքիմարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ անցած 10 ամիսների կտրվածքով տեղական բյուջեների կատարողականի միջինը կազմել է 82,8 տոկոս: Եթե Սեւանի եւ Վարդենիսի տարածաշրջանների համայնքները կարողացել են ապահովել բարձր ցուցանիշներ, ապա Մարտունու, Գավառի եւ Ճամբարակի տարածաշրջանների համայնքները դեռ անելիքներ ունեն մինչեւ տարեվերջ, որպեսզի մարզը նախորդ տարվա 100 եւ ավելի տոկոս կատարողականից որեւէ նահանջ չունենա: Ըստ զեկուցողի` ուշադրությունը թերացող համայնքներում հատկապես պետք է սեւեռել հողի հարկի հավաքագրման ցուցանիշների բարձրացման վրա:
ՙԳեղարքունիքի մարզի 2012-15 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման մասին՚ եւ ՙԳեղարքունիքի մարզի մասնակցությունը ՙՀայաստան համահայկական հիմնադրամ հայտարարած հեռուստամարաթոնին>> հարցերի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը: Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզի 2008-2011 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, ուր նախատեսված էր ներդնել 45 միլիարդ դրամ, կատարվել է 107.7 տոկոսով, իսկ 2012-15 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը, կազմել է 83 միլիարդ դրամ: Ծրագիրը կազմելու համար ձեւավորվել են աշխատանքային 8 խմբեր, որոնք 8 կարեւորագույն ոլորտներում ներկայացրել են բոլոր հիմնախնդիրները, գնահատել դրանց լուծումները եւ ներկայացրել Գեղարքունիքի մարզպետին: Գերակա ուղղություններ են համարվել տուրիզմը, գյուղատնտեսությունը, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը: Ծրագրերը պետք է իրականացվեն պետբյուջեի, դոնոր կազմակերպությունների եւ տեղական բյուջեների միջոցներով: Ինչ վերաբերում է ՙՀայաստան համահայկական հիմնադրամի՚ հեռուստամարաթոնին, ապա պետք է ասել, որ Գեղարքունիքի մարզը արդեն ցուցաբերել է իր մասնակցությունը դեռեւս հեռուստամարաթոնից մոտ մեկ ամիս առաջ, եւ այսօրվա դրությամբ մարզի կազմակերպություններից հիմնադրամի հաշվին մուտք է եղել ավելի քան 1.5 միլիոն դրամ, իսկ ընդհանուր առմամբ նախատեսված է այդ ցուցանիշը հասցնել 4 մլն 200 հազար դրամի, որը 1 մլն դրամով ավել կլինի անցած տարվա հեռուստամարաթոնի ընթացքում Գեղարքունիքի մարզի կազմակերպություններից փոխանցված գումարից:
ՙԲերքահավաքի աշխատանքների եւ բնապահպանական ծրագրերի իրականացման մասին՚ հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ գյուղատնտեսական տարին տնտեսությունները հիմնականում փակում են արդյունավետ, դաշտավարական բոլոր ուղղություններում գրանցվել են աճի միտումներ, իսկ ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ այս տարի առաջին անգամ մարզում աշնանացանը հասել է 20 հազար 300 հեկտարի, ինչը նշանակում է, որ գալիք տարում հացի արտադրության ծավալները մարզում նկատելի կավելանան: Վարչության պետը համայնքի ղեկավարներին առաջարկեց լուրջ ուշադրություն սեւեռել անասնագլխաքանակի հաշվառման վրա, քանի որ վիճակագրությանը ներկայացված թվերը ոչ ճշտորեն են արտացոլում իրական պատկերը:
ՙՄարզի համայնքների առաջնահերթ խնդիրների՚ մասին հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ եւ ՀԳՄ ՏՄ համակարգման վարչության պետ Իվան Ասատրյանը: Նա համայնքի ղեկավարների ուշադրությունը սեւեռեց համայնքների քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման եւ հաստատման, ՏԻՄ փաստաթղթերի եւ նորմատիվային ակտերի մշակման օրինակելի մեթոդաբանության, ձմռան ընթացքում ներհամայնքային ճանապարհների մաքրման եւ սպասարկման խնդիրների լուծման վրա:
Մարզխորհրդի նիստի աշխատանքներն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Օրակարգային հարցերի և ընթացիկ անելիքների վերաբերյալ մարզային խորհուրդն ընդունեց որոշում:
Հայաստանում Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15 ամյակի կապակցությամբ մարզպետը շնորհավորեց համայնքի ղեկավարներին, ցանկացավ նրանց բեղմնավոր աշխատանք եւ նորանոր ձեռքբերումներ: Այնուհետեւ Գեղարքունիքի մարզպետը մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Հայրավանքի, Լանջաղբյուրի, Կարմիրգյուղի, Վարսերի, Այգուտի, Նորակերտի, Մ. Մասրիկի, Գեղամավանի, Կարճաղբյուրի Գեղամաբակի, Գեղհովիտի, Ձորագյուղի, Լիճքի, Ծովասարի, Ներքին Շորժայի, Զովաբերի եւ Գեղաքարի համայնքապետերին: Մարզխորհրդի նիստի մասնակիցները միմյանց շնորհավորեցին տոնական սեղանի շուրջ: