Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

21.09.2011

Հարգելի  հայրենակիցներ
Ուղիղ 20 տարի է մեզ բաժանում պատմական այն պահից, երբ հայ ժողովուրդը, օգտվելով ազատ կամքի արտահայտման իր իրավունքից եւ աշխարհաքաղաքական բարենպաստ իրադրության պայմաններում իրեն ընձեռնված բացառիկ հնարավորությունից, միաձայն քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ Ազատ ու Անկախ ազգային պետություն կերտելու օգտին:
 Հայաստանի անկախության ու ազատության նվաճման մասին երազել ու անձնվիրաբար պայքարել են մեր ժողովրդի լավագույն զավակները՝ իրենց կիսատ թողած գործը  պատգամելով գալիք   սերունդներին: Օտարների անարգալից լուծը թոթափելու վճռականությունը բաժան-բաժան եղած ու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին ապրելու եւ պայքարելու, համախմբվելու եւ կռվելու ուժ է տվել միշտ, որի բարձրակետը Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո հանդիսացավ Սարդարապատի հերոսամարտը եւ Հայաստանի Առաջին Հանրապետության նվաճումը: Ժողովրդավարության եւ անկախության ուղին  ընտրած Հայաստանի Հանրապետությունը, դժբախտաբար, կարողացավ գոյատեւել մի կարճ ժամանակահատված՝ ընդամենը երկուսուկես տարի՝ դառնալով մեծ տերությունների, Թուրքիայի եւ Սովետական Ռուսաստանի քաղաքական խարդավանքների զոհը:
Սոցիալիզմ կառուցող ազգերի ընտանիքում եւս հայ ժողովուրդը շարունակեց աշխատել, արարել ու պայքարել, հուսալով, որ վերջապես կկարողանա վերագտնել պատմական արդարությունը եւ տեր դառնալ հայկական պահանջատիրությանն ու Հայ Դատի արդարացի լուծմանը:
Սակայն անցած դարի վերջերին աշխարհաքաղաքական արմատական փոփոխությունների արդյունքում հայ ժողովուրդը կրկին կանգնեց պատմական հերթական ու ծանր փորձության առջեւ՝ ստիպված լինելով ընտրություն կատարել անկախության ու անազատության, պատերազմի եւ խաղաղության միջեւ:
Արցախում ադրբեջանական բռնատիրության դեմ ազատության դրոշը բարձրացնելուց ի վեր մեր ժողովրդին պարտադրվեց կենաց-մահու պայքար եւ հավաքական ու անկոտրում կամք, ինչի շնորհիվ մենք անցանք ամենադաժան փորձությունների միջով՝ տեր կանգնելով մեր իրավունքներին, մեր հողին, մեր ձգտումներին ու ռազմաքաղաքական հաղթանակներին:
1991 թվականի սեպտեմբերին քաղաքական երկու կարեւորագույն հանրաքվեների արդյունքում հայ ժողովուրդը դրեց հիմքերը նախ անկախ Արցախի, ապա՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության ծննդի, գոյության եւ զարգացման:
Հայ ժողովրդի քաղաքական կամքի արտահայտությունը, սակայն, անմիջապես հանդիպեց մեր հարեւան երկրի բիրտ ուժի պատերազմական պատասխանին: Հայստանն ու Արցախը, մեկ հոգի ու մարմին դարձած, արյան գնով ու գերմարդկային ջանքերով կարողացան պաշտպանել հայոց անկախությունն ու մեր երկրի սահմանները՝ թշնամուն պարտադրելով տեւական զինադադար, որը պահպանվում է մինչ այսօր, որը մեզ խաղաղ զարգանալու հնարավորություն է տվել:
Ժամանակի ընթացքում նորանկախ Հայաստանի Հանրապետությունը դարձավ միջազգային իրավունքի  սուբյեկտ, միջազգային ամենահեղինակավոր կառույցների՝ Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրախորհրդի, Անկախ Պետությունների Համագործակցության, Հավաքական անվտանգության կոլեկտիվ պայմանագրի լիիրավ անդամ երկիր՝ իր տեղը, դերն ու կշիռն ունենալով աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման ամենատարբեր ձեռնարկներում:
Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման ու կայացման առաջին առաջին իսկ պահից դարձավ հայ ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորը,  Արցախի եւ հայ դատի պաշտպանը, համայն հայությանը իր շուրջը համախմբող բացառիկ ուժը, հայ ժողովրդի դարավոր իղձերը քայլ առ քայլ կյանքի կոչող կառույցը:
Հայկական երկու պետությունների միակ պատվար Հայոց բանակը ծնվեց ու հասակ առավ մարտադշտերում, Հայաստանի անկախության հետ միաժամանակ եւ հիմա էլ, առնական ու անսասան, մարտունակ ու հզոր, կանգնած է հայրենի երկրի պաշտպանության դիրքերում:
Հայաստանի Հանրապետությունը հստակ քայլերով բռնել է ժողովրդավարական պետության կառուցման եւ ժողովրդավարական արժեքների կերտման ուղին՝ հավաստելով հանուր մարդկության բարօրության համար պայքարելու ձգտումների եւ պատրաստակամության մասին:
Հայաստանի Հանրապետությանն գոյությամբ մեզանում հաղթահարվել ու հաղթահարվում են սոցիալիստական համակարգի փլուզման, տնտեսական շրջափակման եւ մեզ պարտադրված պատերազմի հետեւանքները, բարելավվում է կյանքի որակը, բարձրանում ժողովրդի կենսամակարդակը, հաղթահարվում աղքատությունը, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական մեկուսացվածությունը, որը արմատավորվել է տասնամյակներ շարունակ:
 Հայաստանի նորանկախ Հանրապետությունը կարողանում է ժամանակին արձագանքել արագ զարգացող մերօրյա աշխարհում տեղի ունեցող շրջադարձային փոփոխությունների, հաջողությամբ դիմակայում տնտեսական ու քաղաքական մարտահրավերներին, հավասարը հավասարի պես խոսում աշխարհի մեծ ու փոքր տերությունների հետ:
 Հայաստանի Հանրապետությունը դարձել է համայն հայության ամուր, անխախտ ու ստեղծարար տունը, որը անդուլ ջանքերն ուղղվում են հայկականության պահպանման ու զարգացմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, բաժան-բաժան եղած ու անջատված հայկական տարածքների միավորմանը, ազգային եւ համամարդկային արժեքների վերակերտմանը:
Հայաստանի երրորդ Հանրապետության կերտման եւ զարգացման մեջ իր ուրույն տեղն ունի նաեւ Գեղարքունիքի մարզը՝ մեր Հանրապետության տարածքով ամենամեծ վարչական միավորը, որն անբաժան է մեր հայրենիքի հաջողություններից ու դժվարություններից, խնդիրներից ու զարգացումներից: Հազարամյակների խորքից եկող ու դարեր գնացող հայոց երթը եղել է անկանգ, ինչքան էլ այն փորձել են խաթարել դրացի ժողովուրդներն ու պետությունները: Օտարների անագորույն լծի տակ, հայրենիքի սահմաններից հեռու, գաղթի եւ պանդխտության ուղիներում անգամ հայ մարդը չի դադարել ՀԱՅՐԵՆԻՔ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՀՈՂ ու ԱՇԽԱՏԱՆՔ երազելուց՝ ստեղծագործ իր ոգով ու ձեռքերով կերտելով հոգեւոր ու նյութական մնայուն արժեքներ, ուրույն դիմագիծ ու հետք թողնելով համաշխարհային քաղաքակրթության զարգացման պատմության մեջ: Անառարկելի է, որ արդեն անկախ Հայաստանի եւ ազատագրված Արցախ աշխարհի պայմաններում հայ ժողովրդի անունը կլսվի ավելի բարձր ու հնչեղ, ավելի արժանապատվորեն ու փառահեղ, որ Հայաստանը կդառնա ծաղկուն մի եզերք, ուր մարդկանց առջեւ կբացվեն արարչագործության, երջանկության ու բարօրության նոր հորիզոններ: Իսկ դրա համար ոչ միայն պետք է ոգեւորվել ներկայով, անցած 20 տարիների ձեռքբերումներով, այլ նաեւ անսասան հավատով եւ ազգովի նվիրվել հայրենի երկրի շենացման ու հզորազման սուրբ գործին՝ միշտ առաջ մղելով Հայաստանի տնտեսությունը, գիտությունը, կրթությունը, մշակույթը , վեր բարձրացնելով մեր լուսահոգի նախնիների պատգամած ու երազած Հայաստանը: Միայն մեր ձեռքերի մեջ քսանամյա Հայաստանի Հանրապետությունը կդառնա ավելի կենարար ու կենսունակ, պաշտելի ու մնայուն: Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո լույս աշխարհ է եկել մի սերունդ, որն ավելի թանկ է գնահատում անկախության մեծագույն արժեքը եւ այն կպահպանի ավելի սրբորեն:
 Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին, մաղթում բոլորին խաղաղ երկինք, քաջառողջություն, երջանկություն, անձնական, ուսումնական ու աշխատանքային հաջողություններ, սեր ու միություն, լուսավոր գալիքներ եւ բարօրությամբ շնչող ժամանակներ:

 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55