Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԹԻՎ

31.08.2011

 Հարգելի մանկավարժներ եւ աշակերտներ

Սկսվում է հերթական նոր ուսումնական տարին, որն առաջինն է լինելու ինչպես առաջին դասարանի աշակերտների, այնպես էլ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ երդում ընդունած, ինչպես նաեւ նոր աշխատանքի նշանակված մանկավարժների համար:Այն սկսվում է նոր սպասումներով ու անակնկալներով, նոր հույսերով ու ցանկություններով: Մեր ժողովրդի գիտակցության մեջ եւ կյանքում վաղուց է դպրոցը դարձել հարազատ ու հոգեւոր տուն, գիտելիքների դարբնոց ու զինանոց, դաստիարակության անսպառ միջոց: Ու եթե դժվար, հեռավոր եւ խավար ժամանակներում մեր ազգը կարողացել է միշտ վառ պահել հայոց դպրության ջահը, ապա այսօր, արագ զարգացող մերօրյա աշխարհում նա պիտի ձգտի գիտության ու կրթության լույսը սփռել ամեն մի հայ ընտանիքում, նրան հաղորդակից դարձնել ազգային եւ համամարդկային արժեքներին, գիտության հին ու նոր նվաճումներին: Բարեկեցիկ, ազատ ու լիարյուն կյանքով ապրող հասարակություն ստեղծելու ճանապարհին դեռեւս պետք է ջանքեր գործադրել՝ հոգով, մտքով ու մարմնով առողջ սերունդ կրթելու եւ դաստիրակելու համար: Միշտ պետք է բարձր պահել դպրոցի հարգն ու պատիվը, մանկավարժի անունը, աշակերտի կոչումը:
Բարեփոխումները հանրակրթության ոլորտում կշարունակվեն նաեւ այս ուսումնական տարում, որոնց իրականացմամբ շատ շուտով մենք կունենանք ավելի կանոնակարգված, ավելի արդյունավետ, ավելի բովանդակային կրթական համակարգ: Հետզհետե կբարելավվեն ինչպես դպրոցների շենքային պայմանները, այնպես էլ մանկավարժների սոցիալական վիճակը, դպրոցներն ամբողջությամբ կզինվեն բարձր տեխնոլոգիաներով եւ ինտերնետ կապով: Այսօրվա տնտեսական դժվարությունների պայմաններում անգամ մեր երիտասարդ պետությունն անում է հնարավորը` հայեցի, արդի չափորոշիչներին համապատասխան եւ անվճար կրթություն ապահովելու համար: Ուստի ձեզ մնում է անմնացորդ նվիրվել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության վեհ գործին, որով է միայն պայմանավորված Հայաստանի ներկան ու ապագան, առաջընթացն ու հզորությունը:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորին սեպտեմբերի 1-ի` նոր ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք, աշխատանքային ու ուսումնական անսպառ եռանդ, լուսավոր նպատակների իրականացում, առողջություն եւ հաջողություններ կյանքում, ընտանիքում, աշխատանքում եւ ուսման մեջ:

Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36