Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ

26.08.2011

 Գավառ քաղաքի մշակույթի պալատում կայացավ Գեղարքունիքի մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Խորհրդակցությանը մասնակցեցին մարզի բոլոր հանրակրթական հաստատությունների տնօրենները եւ հրավիրված մանկավարժներ: Հրավիրվել էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: 2010-2011 ուստարվա կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Նա նշեց, որ մարզային ենթակայությամբ գործող 98 միջնակարգ, 20 հիմնական, 2 տարրական, 1 հատուկ դպրոցներում եւ արհեստագործական 1 ուսումնարանում հանրակրթությունը կազմակերպվել եւ կատարվել է օրենքի պահանջներին համապատասխան, արձանագրվել են որոշակի հաջողություններ ու ձեռքբերումներ ինչպես ուսման որակի բարձրացման, այնպես էլ դպրոցների նյութատեխնիկական բազաների հարստացման ուղղություններում: Սակայն, չնայած իրականացված զգալի աշխատանքներին, դեռեւս շատ խնդիրներ են մնում անլուծելի՝ կապված դպրոցական շենքերի հիմնանորոգման, ջեռուցման, կահավորման, նյութատեխնիկական բազաների հարստացման, ուսուցիչների վերապատրաստման եւ այլ հարցերի հետ:
Բարձրաձայնելով հանրապետական օլիմպիադաներում, փառատոններում, ստուգատեսներում, գիտաուսումնական ու ռազմամարզական խաղերում մարզի դպրոցների աշակերտների նվաճումները եւ մանկավարժների շնորհալի աշխատանքը՝ մարզի կրթության ղեկավարը հիմնական շեշտը դրեց կրթության որակի ապահովման եւ բարձրացման վրա, կարծիք հայտնելով, որ շատ դեպքերում դասամատյաններում նշված գնահատականները չեն արտացոլում աշակերտների իրական գիտելիքները: Թեեւ դպրոցները հիմնականում ապահովված են համակարգիչներով եւ ինտերնետ կապով, այդուհանդերձ, որոշ տեղերում այդ հնարավորությունները լայնորեն չեն օգտագործվում, ինտերնետային կաբինետներում դասերը չեն կազմակերպվում պատշաճ մակարդակով, առանձին դեպքերում թե' ուսուցիչները, եւ թե' աշակերտները պատկերացում քիչ ունեն համակարգչից ու ինտերնետից օգտվելու մասին: Մարզի հանրակրթական հաստատություններում, գրեթե առանց բացառության, ձեւական բնույթ են կրում կառավարման խորհուրդները, որոնք հիմնականում երեւում են միայն հաստատությունների տնօրենների ընտրության դեպքում: Մնացած դեպքերում կառավարման մարմնի անդամներն իրենց հեռու են պահում դպրոցների ուսումնադաստիարակչական եւ այլ խնդիրներից, նրանց կողմից ընդունված որոշումները գրեթե չեն համապատասխանում օրենսդրական պահանջներին: Դպրոցի կառավարման մարմինների անդամների համար հարկավոր է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ՝ գործնական քայլերի միջոցով բարձրացնելով նրանց դերն ու նշանակությունը:
Ավագ դպրոցի եւ հանրակրթության հետ կապված մի շարք խնդիրների մասին պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզում հավաստագրման քննությունների շեմը չեն հաղթահարել 21 դպրոցների տնօրեններ, որոնց համար երկրորդ հնարավորությունն ընձեռվելու է հոկտեմբերին, իսկ այս սեպտեմբերի երդում են տալու այն ուսուցիչները, ովքեր առաջին անգամ են մտնելու դասարաններ: Ուսումնարանների եւ միջնակարգ մասնագիտական հաստատությունների ուսանողները եւս ավարտական քննություն են հանձնելու Գնահատման եւ թեստավորևման կենտրոնի կողմից մշակած թեստերով: Հիմնական դպրոցներում ծրագրերի որոշակի բեռնաթափման նպատակով արդեն ստեղծվել են հայոց լեզվի եւ մաթեմատիկայի 5-րդ դասարանի նոր դասագրքեր: Հայոց լեզվի եւ մաթեմատիկայի քննական նոր շտեմարանները կհրատարակվեն այս տարվա դեկտեմբերին, իսկ քննական մյուս առարկաների շտեմարանները պատրաստ կլինեն եկող տարվա սկզբներին: Աշակերտների անհարկի եւ տեւական բացակայությունների համար այսուհետ պատասխանատու է լինելու դպրոցի տնօրենը:
Անդրադառնալով դպրոցների կառավարման խորհուրդների գործունեությանը՝ Նարինե Հովհաննիսյանը շեշտեց, որ ինքն էլ համամիտ Գեղարքունիքի մարզի կրթության ղեկավարի այն կարծիքին, որ դրանք հիմնականում ձեւական, քան բովանդակային բնույթ են կրում, եւ նախարարությունում անպայման պետք է մտածեն ինչպես կառավարման խորհրդի անդամների վերապատրաստումների, այնպես էլ այդ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման մասին: Ներառական կրթության, դժվար դաստիարակվող եւ կարիքի մեջ գտնվող, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության մարզային բաժանմունքներում հաշվառված դպրոցահասակ երեխաների կրթության եւ դաստիարակության խնդիրների շուրջ ելույթ ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը դրվատեց մարզի կրթական հաստատությունների տնօրենների եւ մանկավարժների աշխատանքը, նշելով, որ մարզում ավելի շատ նկատելի է կրթության որակը, քան թե թերացումները: Մարզի ղեկավարը, սակայն, բոլորի ուշադրությունը հրավիրեց կարգապահական խնդիրների վրա, որոնք ի հայտ են եկել մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությունների ժամանակ: Մասնվորապես խոսքը վերաբերում է առանձին հատատություններում հանրապետությունից բացակայող, բայց ուսումնառության կամ աշխատանքի մեջ հաշվառված աշակերտներ կամ ուսուցիչներ պահելու դեպքերին, որոնք արդեն արժանացել են համապատասխան գնահատականների եւ քայլերի: Մարզպետը նաեւ հանձնարարեց դպրոցների ղեկավարներին՝ բարձրացնել ոչ միայն ուսման որակը, այլ նաեւ դաստիարակչության դերը, անհատապես աշխատել նաեւ դժվար դաստիարակվող եւ արդեն հանցագործությունների ոլորտ ներքաշված երեխաների հետ, քանի որ մանկավարժը ոչ միայն գնահատական նշանակելու, այլ նաեւ դաստիարակելու պատասխանատվություն է կրում: Ն. Պողոսյանը հույս հայտնեց, որ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ բոլոր դպրոցներում մանկավարժների եւ աշակերտների մասնակցությամբ եւ բարձր մակարդակով կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52