Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզային խորհրդի հերթական նիստը

12.08.2011

Օգոստոսի 11-ին Գավառ քաղաքի ավագ դպրոցի դահլիճում մարզի 92 համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզխորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզապետ Նվեր Պողոսյանը: Նիստի օրակարգում քննարկվեց երեք հարց՝ Հայաստանի Հանրապետությունում այս տարվա հոկտեմբերին անցկացվելիք մարդահամարի, մարզի համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի եւ համայնքերում մարզպետարանի կողմից իրականացված վարչական վերահսկողության արդյունքների քննարկման հետ կապված:
Օրակարգային առաջին հարցի շուրջ զեկուցումով եւ մանրամասն պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Նա կարեւորեց, որ հերթական մարդահամարն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության մեթոդաբանությամբ, չափորոշիչներով եւ պահանջով, եւ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ, պարտավոր է 10 տարին մեկ կազմակերպել եւ անցկացնել մարդահամար, որի հիմնական նպատակը նաեւ երկրի տնտեսության եւ ժողովրդագրության հստակ վիճակագրություն ունենալն է: Տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորինս պետք է աջակցեն մարդահամարի կազմակերպանն ու անցկացմանը ամենայն ճշգրտությամբ եւ պատասխանատվությամբ: Համայնքներն այս պահից աջակցություն պետք է ցուցաբերեն ինչպես համայնքների սխեմատիկ հատակագծման, բնակարանների համարակալման, փողոցների ու թաղամասերի անվանակոչության, հասցեականության ճշտման, այնպես էլ հաշվառման սենյակների տրամադրման եւ հաշվարարների ընտրության հարցերում:
Օրակարգային երկրորդ հարցի շուրջ զեկուցումով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը: Նա նշեց, որ 2011 թվականի անցած յոթ ամիսների կտրվածքով մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընդհանուր ցուցանիշը կազմել է 80,7 տոկոս: Վարդենիսի տարածաշրջանի համայնքները սեփական եկամուտները հավաքագրել են 87, Սեւանի տարածքի համայնքները՝ 84,5, Մարտունու տարածքի համայնքները՝ 77,5, Գավառի տարածքի համայնքները՝ 73,6 եւ Ճամբարակի տարածքի համայնքները՝ 41,8 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ տեղական բյուջեների սեփական եկամուտները պակաս են հավաքագրվել մոտ 19 միլիոն դրամով: Ի տարբերություն բարձր ցուցանիշներ ապահոված հինգ տասնյակից ավելի համայնքների, առանձին համայնքներ վերջին երկու ամիսներին դրամական մուտքեր չեն ունեցել, կամ հազիվ կարողացել են ապահովել 30-50 հազարի մուտք:
Օրակարգային երրորդ հարցի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Իվան Ասատրյանը: Նա նշեց, որ մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովն այս տարվա ընթացքում վարչական վերահսկողություն է իրականացրել մարզի 20 համայնքներում: Դրական ձեռքբերումների կողքին հանձնաժողովն արձանագրել է նաեւ բացթողումներ, որոնք գրեթե ընդհանուր բնույթ ունեն բոլոր տեղերում՝ քառամյա ծրագրով հաստատված մի շարք կենսական նշանակության ծրագրեր չիրականացնելը, ավագանու նիստեր պարբերաբար չհրավիրելը, հողօգտագործողների հողերի տրամադրում ՀՀ հողային օրենսդրությանն անհամապատասխան, համայնքների գործունեության ոչ բավարար հրապարակայնության եւ թափանցիկության ապահովում:
Ամփոփելով նիստը՝ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն առաջարկեց համայնքի ղեկավարներին՝ հնարավորինս անթերի աջակցել մարդահամարի կազմակերպման եւ անցկացման հետ կապված բոլոր աշխատանքներին, սեփական եկամուտների հավաքագրումը կատարել ամբողջությամբ եւ վերացնել վարչական վերահսկողության ընթացքում ի հայտ եկած թերությունները՝ միաժամանակ դրանք ամբողջությամբ հրապարակելով «Գեղամա աշխարհ» թերթում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11