Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը

11.08.2011

Օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, ՀՀ ֆերմերների միության նախագահ Ռոզա Ծառուկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: Նախարարն այցը սկսեց Վարդենիսի տարածաշրջանի այն համայնքների տնտեսություններից, որտեղ անցած աշնանը եւ այս գարնանը ցանվել են ՀՀ կառավարության կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված կամ տեղական արտադրողներից գնված եւ ֆերմերային տնտեսություններին ու սոցիալապես անապահով մարդկանց օժանդակության կարգով տրամադրված աշնանացան ցորենի, գարնանացան գարու առաջին վերարտադրության եւ էլիտար սերմերի տեսակներ: Ինչպես ՀՀ գյուղատնտեսության նախարարին եւ Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին նշյալ տարածքներում հացահատիկի բերքահավաք կատարող տնտեսությունների ղեկավարները, արդյունքը սպասվածից գոհացուցիչ է:Ինչպես ասաց նախարար Սերգո Կարապետյանը, անցած աշնանը ՀՀ կառավարության կողմից սերմերի արտադրության կազմակերպման նպատակով խոշոր ֆերմերային տնտեսությունների տրամադրված ցորենի ցանքատարածություններից աննախադեպ բարձր բերք է սպասվում' հեկտարից մինչեւ 70-75 ցենտներ: Բարձր բերք է սպասվում նաեւ գարու էլիտար սերմացուի արտերից: «Ուղղակի չեմ կարող չարտահայտել հիացմունքս,- նշեց նախարարը,- քանի որ վերջին տարիներին հացի շտեմարան հանդիսացող Մասրիկի հարթավայրում կամ Վարդենիսի տարածաշրջանում միջին բերքատվությունը չի գերազանցել 20-22 ցենտները: Հիմա բարձրորակ հացահատիկի սերմերի ցանքի եւ բերքատվության պարագայում արդեն միջին բերքատվությունը կարելի է այստեղ ակնկալել երեսուն ցենտներից ավելի: Սրանով նաեւ լուծվում է տարածաշրջանի սերմաթարմացման խնդիրը, եւ նախադրյալներ են ստեղծվում հացաբույսերի, մասնավորապես' ցորենի ցանքերի ընդլայնման համար: Ֆերմերային տնտեսությունները բարձրորակ ցորենի սերմացու ստացել էին մեկ կիլոգրամի դիմաց երկու կիլոգրամ վերադարձնելու պայմանով. դա մենք թողնելու ենք Գեղարքունիքի մարզին' սերմաթարմացում ապահովելու եւ նոր տնտեսություններին օժանդակելու ակնկալիքով»:Գեղարքունիքի մարպետ Նվեր Պողոսյանը նշեց, որ վերարտադրված բարձրորակ սերմացուն կբաշխվի ինչպես խոշոր ֆերմերային տնտեսություններին' սերմերի վերարտադրություն կազմակերպելու, այնպես էլ մեկից մինչեւ երեք հեկտար հողատարածքներ ունեցող առանձին կարիքավոր տնտեսություններին' օժանդակության նպատակով: Արվելու է հնարավորը, որ առաջիկա տարիների ընթացքում մարզի տնտեսությունները ոչ միայն ամբողջապես ապահովված լինեն բարձրորակ ցորենի սերմնատեսակներով, այլ նաեւ հացահատիկի ցանքերը մարզում էապես ավելանան' այսօրվա 42 հազար հեկտարից հասնելով մինչեւ 73 հազարի:Նախարար Սերգո Կարապետյանը հավելեց, որ առաջիկա երեք տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը կշարունակի Ռուսաստանի Դաշնությունից բարձրորակ հացաբույսերի ներկրումը եւ բաշխումը Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններին:
Օրվա վերջում Սերգո Կարապետյանը մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր եւ Գետիկ համայնքներ' տեղում ծանոթանալու այս գյուղերի խոշոր եղջերավոր անասունների շրջանում համաճարակային հիվանդությունների բռնկման հետեւանքով ստեղծված իրավիճակին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52