Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վարդենիկ

Մակերես` 91,0կմ2

Բնակչություն` 10702

  Գեղարքունիքի մազի Վարդենիկ գյուղական համայնքը սփռված է կապուտաչյա գեղեցկուհի Սևանա լճի հարավային ափին` հարակից հարթավայրում, բնակավայրի նիշը ծովի մակերևույթից տատանվում է 1920-2050 մ-ի սահմաններում: Համայնքի տարածքի ռելիեֆը կտրտված է տեղ-տեղ հարթ թույլ թեքությամբ և բաժանված է ձորակով երկու մասի, տարածքը բնութագրվում է զով ամառով և ցուրտ ձմեռով: Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է հունվարին -30 C0, իսկ բացարձակ առավելագույնը հուլիս, օգոստոս ամիսներին +33 C0:
Վարդենիկ համայնքի վարչական տարածքը կազմում է 8866,48 հա.
Համայնքն ընդգրկված է ՙՀայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայում՚ ինչպես նաև միջհամայնքային միավորման անդամ է: Ամեն տարի համայնքի բյուջետային ոլորտում արձանագրվում են հաջողություններ: Բյուջեի կատարողական մասը, միշտ գերազանցում է 100%: 2010թ-ին Վարդենիկը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության լավագույն համայնքներից:
Բնակչության հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Հիմնականում գյուղմթերքներից արտադրվում է կարտոֆիլ, կաղամբ և հացահատիկ:
Գյուղն ունի կանոնավոր հատակագծային կառուցվածք, որտեղ բնակավայրի տարածքը զբաղեցնում է 706,17 հա: Վարդենիկ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 40 կմ, իսկ Երևան քաղաքից 143 կմ հեռավորության վրա: Տրանսպորտային կապը բնակավայրի հետ իրագործվում է Երևան-Վարդենիս ավատոճանապարհի միջոցով.պետական նշանակության ճանապարհից, գյուղը գտնվում է 500 մ հեռավորության վրա: Գյուղի կենտրոնական ճանապարհը ամբողջությամբ 3,5 կմ ասֆալտապատ է,հեռահաղորդակցության և տրանսպորտային կապը գտնվում է բավարար վիճակում, համայնքը տրանսպորտային կապ ունի մայրաքաղաքի հետ` օրական երկու անգամ միկրոավտոբուս է մեկնում Երևան և հակառակ ուղղությամբ: Փողոցները շուրջ 20 կմ լուսավորված է, գյուղում խմելու ջրագիծը սկիզբ է առնում հարավային կողմից 25 կմ հեռավորության վրա գտնվող տարածքների բնական աղբյուրներից: Գյուղն ունի 1 կրթահամալիր և 2 հիմնական դպրոց, 1 երաժշտական դպրոց:
1975թ-ին կառուցվել է 800 տեղանոց մեծ և 200 տեղանոց փոքր դահլիճներով մշակույթի պալատը, որը գործում է գրադարանով և տարբեր խմբակներով: Գործում է Վարդենիկի բուժամբուլատորիան: Վերանորոգվում է մանկապարտեզի շենքը:
Գյուղն ունի հարուստ պատմություն: Այն մեզ է հասել ավերված գյուղատեղերի, կառույցների մնացորդների և քարակերտ հուշարձանների ձևով, որոնք խոսուն վկաներն են գյուղի անցյալ պատմությանը: Հնում այստեղ ապրել են հայեր: Գյուղն հիմնահատակ ավերվել է Շահ Աբասի կողմից, դրա վառ վկայություններից մեկն այն է,որ գյուղի հարավային մասում գտնվող տարածքներից մեկը կոչվել է Շահի ճանապարհ:
Գյուղն ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ անվանվել է Վարդենիք և հիշատակվում է 10-րդ դարից:
1770թ-ին գյուղը լիովին ամայանում և մնում է անմարդաբնակ մինչև 1828թ-ը:
1828թ-ին Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից գաղթական հայ բնակչությունը հանգրվանում է այժմյան Վարդենիկի տարածքում: Բնակչության ճնշող մեծամասնություՆը գաղթել են Ալաշկերտից:
Օտարները տեսնելով գյուղի տարածքով անցնող գետակը, անուշաբույր վարդերն ու կանաչ մարգագետինները գյուղը անվանել են Գյոզալդարա, որը նշանակում է գեղեցկաձոր:
1863թ-ին Գյոզալարայում հիմնվել և գործել է պետական ծխական դպրոց, որտեղ բացի տեղի բնակիչներից կրթություն են ստացել նաև հարևան գյուղերի բնակիչները: 1946թ-ի դեկտեմբերի 7-ին գյուղը վերանվանվել է Վարդենիկ:
Գյուղի տարածքում կան 7 գերեզմանոցներ, որտեղ առկա են պատմամշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ խաչքարեր: Գյուղի հարավային մասում կա կիկլոպյան ամրոց: Գյուղի հարավ-արևելյան մասում բարձրունքի վրա է գտնվում ՙԻշխանաց վանքը՚, որը կառուցված է եղել սրբատաշ քարերով և սրբատեղի է հանդիսանում բնակչության համար: Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցված 11-րդ դարում, որի հիմքերի վրա 2004թ-ին գյուղի բարերար ընտանիքի կողմից կառուցվեց Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին: Զբոսաշրջության համար հետաքրքրություն ներկայացնող վայրերից է ՙԻշխանաց վանքի՚ ձորը, որտեղով հոսում է Վարդենիկ գետը, իսկ գետի երկու ափերի երկայնքով ձգվում են պտղատու ծառերի, ինչպես նաև նաիրյան երկնասլաց բարդիների շարքերը:

Բնության հիասքանչ ու հրապուրիչ գողտրիկ անկյուններից մեկն է, որտեղ ամեն տարի մեծ շուքով ու խանդավառությամբ, ավանդական դհոլ ու զուռնայի նվագակցությամբ տոնվում է ՙՎարդավառի՚ տոնը:
Իշխանավանքի ձորում կա 20 մ. բարձրություն ունեցող քարե մի հսկա, որը կարծես կառուցվել է քարտաշ վարպետների ձեռքով, այն ունի ժողովրդական իր անվանումը ՙՔարե ամրոց՚, որի մասին ժողովուրդը ավանդազրույց է հյուսել:
Վարդենիկ համայնքը ակտիվ համագործակցում է Ռուսաստանի դաշնության` Տյումեն, Չելյաբինսկ և Պերմ քաղաքների հետ: Համագործակցության արդյունքում համայնքի տարածքում կատարվել է բազմաբնույթ աշխատանքներ:
Համայնքւմ կառուցվել է երկու եկեղեցի, վերանորոգվել են մատուռներ, համայնքին նվիրաբերել են մի քանի միավոր կարևոր նշանակության տեխնիկաներ, բարեկարգվել է գերեզմանոց գնացող ճանապարհը, կատարվել է մշակույթի կենտրոնի տանիքի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև մոտ 1500 մարդու ապահովում են սեզոնային աշխատանքով:
Վարդենիկ համայնքը տվել է նաև գիտության, մշակույթի, արվեստի, զինվորական, քաղաքական-պետական և այլ ոլորտների նշանավոր մարդիկ:
Արցախյան ազատագրական հերոսամարտի տարիներին Վարդենիկցի մոտ 100 կամավոր երտասարդներ կազմավորեցին մի ջոկատ և իրենց ազատագրական հերոսական կռիվները սկսեցին Ղարաբաղից մինչև Քարավաճառ, ցուցաբերելով քաջություն, հերոսություն, կամքի մեծ ուժ ու հաղթանակի կորով` հանդիսանալով արժանի հետնորդներ հերոս նախնիների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41