Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արծվանիստ

Մակերես` 6270կմ2

Բնակչություն` 3238

  Գյուղը գտնվում է Սևանա լճի հարավ-արևելյան մասում: Ունի համեմատաբար բարեխառն կլիմա: Մարտունու տարածքի արևելյան համայնքներից վերջինն է, սահմանակից է Վարդենիսի տարածաշրջանին: Տարածքի բարձրությունը ծովի մակերևույթից՝  2000-2100մ է: Հեռավորությունը մայրաքաղաքից՝ 148 կմ, մարզկենտրոնից՝ 51 կմ: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվում է հուլիս – օգոստոս  ամիսներին 36°, ամենացածր ջերմաստիճանը գրանցվում է հունվար – փետրվար ամիսներին -33°: Տեղումների քանակը 400-600մմ:
 Բնակչությունը կազմում է 3238 մարդ:  Տարածքի ընդանուր մակերեսը՝ 6270 հա, որից բնակելի կառուցապատման տակ Է գտնվում 251 հա:
1828-29 թթ. ռուսթուրքական պատերազմից հետո, Սևանի ավազանի շատ գյուղերի նման Ն. Կթանոցը (Ալուչալուն) նույնպես վերաբնակեցվեց Ալաշկերտի գավառի Գորուն և Մուսոն քյուղերից գաղթած հայերով: Սկզբում վերաբնակները պատսպարվել են Ն. Կթանոցում, ապա որոշ ժամանակ անց, իջել ներքև և հիմնադրվել արագահոս գետակի ափին: Ըստ արխիվային փաստաթղթերի 1833թ. Արծվանիստում վերաբնակվել Է 17 ծուխ, այժմ կազմում Է 1100 ծուխ: 
Աշխարհագրագետ բանասեր Սուքիաս Էփրիկյանը, ապա նաև Երվանդ Լալայանն Ալուչալուն անվանել են Ներքին կամ Ստորին Կթանոց: Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Կթանոց գյուղ, որի ավերակները գտնվում են նախկին Ներքին և Վերին Ալուչալու գյուղերի միջև:Պրոֆ. Ա. Ա. Աբրահամյանը Կթանոցը նույնացնում է Վանեվան գյուղի հետ: Այդ անունը հիշվում է վանքի մեծ առձանագրության մեջ: ՈՒշ ժամանակներում գյուղը կոչվել է Ներքին Ալուչալու (թուրքերն՝ թարգմանաբար «Սալորուտ»): 1968 թ. վերանվանվել է Աեծվանիստ: Բնակավայրը հիմնադրվել է մ.թ.ա.-1-ին հազարամյակում:
Բնակավայրի տարածքի պատմական առաջին հուշարձանը ուրարտական թագավոր Ռուսա Առաջինը (730-714) Թեյշեբա աստծուն նվիրված բերդ - կառույցն է: Պահպանված սեպագիր (բևեռագիր) առձանագրությունը փորագրված է Սևանա լճի՝ հյուսիս-արևմտյան կողմը թեքված մի վիթխարի ժայռաբեկորի վրա: Մինչև օրս պահպանվել են այդ բերդի ավերակների հետքերը: Արտաքին աշխարհի հետ բերդը հաղորդակցվել է հարավային նեղ ելուստով, իսկ մնացած կողմերը պաշտպանական նպատակներով պարսպապատվել են վիթխարի ապառաժներով: Բերդում կյանքը երկար է տևել, դրա վկայությունը բլրակի թեք լանջին անփոփված գերեզմաններն են՝ անշուք տապանքարերով: Ժայռի վրայի սեպագիր առձանագրությունը պատմում է Ռուսա Առաջինի կողմից 23 երկրներ գրավելու և դրանց բնակչության մի մասը Բիայնա տեղափոխելու մասին:
Վանեվանը կառուցել է Հայոց սպարապետ Շապուհ Բագրատունին և նրա քույրը՝ Սյունյաց իշխանուհի Մարիամը՝ 903 թվին: Այն բազմած է Մարտունի քաղաքից 24 կմ հեռավորության վրա գտնվող Արծվանիստ գյուղի կողքին: Հնում այն փոքր գյուղ է եղել և Ս. Տ. Օրբելյանի վկայությամբ կոչվել է Վանեվան, ապա Կթանոց, հետագայում՝ Ալուչալու, այժմ՝ Արծվանիստ: Նախկին անունները հիշատակում են նաև հին արձանագրություններում:
Վանեվան վանական համալիրը /կամ վանքի խումբը/ տեղավորված է Արծվանիստի հարավ-արևելյան եզրին, լեռնային գետակի աջ ափի հարթության վրա՝ եզերված բարձր ժայռերով: Այն շինված է կոփածո և սրբատաշ քարերով: Ներքուստ խաչաձև է, ունի ութ կողմանի գմբեթ, հարավային կողմից է: Եկեղեցին ժամանակին վերանորոգել և բակը պարսպատել է «շահնշահ Աշոտի որդի Գագիկը»: Եկեղեցին և վանական համալիրը ամբողջությամբ վերականգնվել է 1983-88 թվերին:
Բացի գլխավոր եկեղեցուց , համալիրի մեջ մտնում է՝ հարավային կողմից գավիթ, որի արևելյան մասում կառուցված են մի քանի խցեր, իսկ դրանց հարավում՝ դարձյալ մի թազածածկ եկեղեցի: Գլխավոր եկեղեցուց բացի մյուսների վրա արձանագրություններ չկան, և անհայտ է դրանց կառուցման ժամանակները: Վանքն ունեցել է իր գերեզմանատունը, որը գտնվում է արևելյան կողմում բարձրացող ժայռի գլխին: Ի դեպ, այդտեղ կան գերեզմանաքարեր, որոնցից միայն երկուսի վրա կան արձանագրություններ /XVIII-րդ դար/: Սևանի ավազանը հարուստ է կանգուն և կիսավեր ճարտարապտական հուշարձաններով:
Բագրատունյաց թագավորության օրոք /IX-XI/ դդ Գեղարքունիքը միացված էր Անիի թագավորությանը: Դրանից առաջ և այդ ժամանակ Գեղարքունյաց իշխանական նստավայրը Կոթ քաղաքն էր /այժմ՝ Ն. Գետաշեն /,որտեղ XI-րդ դարում կառուցվել է Կոթա սբ. Աստվածածին նշանավոր վանքը: Ճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ կառուցվեցին: Արքայական օժանդակությամբ կառուցվածներից է նաև Վանեվան վանքը:
Այս ճանապարհների վրա կան բազմաթիվ հուշարձաններ, իջևանատններ և քարավանատններ:
Վերոհիշյալ պատմական սեղմ ակնարկից երևում է, թե ինչ կարևոր դեր է խաղացել Գեղամա մեր այս տարածաշրջանը Հայոց աշխարհի տնտեսական, մշակույթային առևտրական և ռազմավարական գործընթացներում: Անշուշտ իր մշակույթային, հոգևոր և կրթական գործունեությամբ նաև հազարամյա Վանեվանը:
Արծվանիստի հաստատությունները
 Արծվանիստի միջնակարգ դպրոց՝ վերանորոգված շենքային պայմաններով, 48 մանկավարժներով և 475 աշակերտներով:. Գյուղում առկա է մանկապարտեզ, որը չի գործել միայն 2011 թ. վերանորոգման պատճառով: 
Համայնքում գործում է առողջության առաջնային պահպանման կենտրոնը, կառուցված 2007թ.-ին, ապահոված է գլխավոր բժշկով և սպասարկող բուժ անձնակազմով:
 Գյուղում ունենք մշակույթի տուն, որը գտնվում է շատ վատ վիճակում՝ վերջին տասնամյակում ոչմի մշակույթային միջոցառում տեղի չի ունեցել: 
Գյուղում կա երկու գրադարան, 10,000 հազար կտոր գրականությամբ՝ տեղադրված մասնավոր շենքերում:
 Համայնքում գործում է 8 առևտրային կետ որտեղ իրականասցվում է մթերային և տնտեսական ապրանքների վաճառքը:
 Համայնքում գործում է բջջային հեռախոսակապ 3 աշտարակներով, գազաֆիկացված է, ապահոված է տրանսպորտային կապը, ինչպես մայրաքաղաքի, այնպես ել շրջկենտրոնի հետ:
Զբաղվածություն
Համայնքի բնակչության հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ:  Հողային ֆոնդը կազմում է՝ 1521 հա. վարելահող խոտհարք ՝ 405 հա. արոտավայրեր՝ 1790 հա: Գյուղում արտադրվող գյուղ մթերքներից են կաթը, պանիրը, միրգը, կարտոֆիլը, ցորենը, գարին:
Անվանի մարդիկ
1. Բաղիշ Հովսեփյան գրող հրապարակախոս:
2. Հենրիկ Սահակյան պատմական և փիլիսոփայական գիտությունների թեկնածու:
3. Գեղամյան Գուրգեն պատմական գիտությունների դոկտոր պրաֆեսոր:
4. Մարզպետունի Հարությունյան ԽՍՀՄ և ՀՀ գրողների միության անդամ:
5. Տելեմակ Սահակյան գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:
6. Մամիկոն Ասատրյան ՀՀ վաստակավոր ուսուցիչ
7. Ալբերտ Սահակյան պատմական և փիլիսոփայական գիտությունների թեկնածու:
8. Վլադիկ Սահակյան գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:
9.. Մհեր Նավոյան արվեստագիտության թեկնածու, դոցենտ:
10. Ալիկ Ղարիբյան Պատմական գիտությունների թեկնածու:
11. Գուրգեն Մելքոնյան ՀՀ բանակի գեներալ լետենանտ:
12. Սեյրան Սարոյան ՀՀ բանակի գեներալ մայոր:
2008թ-ին նոյեմբերից համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Մուխայելի Օհանյանը

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41