Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ակունք

Մակերես` 4484կմ2

Բնակչություն` 4616

Ակունք գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հարավ-արևելյան ափին, Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից 2 կմ դեպի հարավ, մարզկենտրոնից 86 կմ հեռավորությամբ, ծովի մակարդակից 1991 մ բարձրության վրա:
Ինչպես հուշում է Ակունք բառը, անվանումը կապված է այն բազմաթիվ սառնորակ աղբյուրների հետ, որոնք բխում են անմիջապես գյուղի սրտից և շրջակայքից: Մի շարք հիշատակություններ կան գյուղի ծագման և պատմության վերաբերյալ: Ըստ Ստեփանոս Օրբելյանի <<Սիսական նահանգի պատմություն>> աշխատության` Սոթքի գավառի բնակավայրերի անվանացանկում գյուղը հիշատակված է Վարդանաբակ անունով (կապված Վարդան Մամիկոնյանի անվան հետ): Ալիշանի պատմական աշխատությունում նշված են Ակունք կամ Ականք ձևերը, իսկ ամենախոսուն վկայությունը գյուղում 14-րդ դարում կանգնեցված խաչքար-անձնագիրն է, որը կանգնած է մինչ օրս գյուղի արևմտյան մասում` Կլոր դար կոչվող մի արհեստական բլրի վրա, որը բրոնզե դարում (Ք.Ա. 6-4-րդ դդ) հում աղյուսից կառուցված ամրոց է եղել: Եվ ահա այդ խաչքարի վրա կարդում ենք հետևյալ արձանագրությունը. <<ԵՍ ՄԻՐԶԱՋԱՆՍ ԱԿՆԵՑ ԱՌԱՋՆՈՐԴ ԿԱՆԳՆԵՑՐԻ ԽԱՉՍ>>:
Բոլոր ժամանակներում բնակավայրը եղել է միայն հայերով բնակեցված և ունեցել է տարբեր անվանումներ. Վարդանաբակ, Վարդանաշեն, Բազմաղբյուր, Բյուրակ, Ակունք, Ականք, Ղըռխբուլաղ:
Պարսկական արշավանքների ժամանակ 17-րդ դարում բնակավայրը հիմնահատակ ավերվել է, բնակչությունը տեղահանվել է կամ բնաջնջվել: 1828-1830թթ.. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Էրզրումի նահանգի Հին Բայազետի գավառի Ղարաքենդ գյուղից գաղթվածները եկել և 1830թ.-ին հին բնակավայրի հարևանությամբ, Արցունք-քար կոչվող հորդառատ աղբյուրի ակունքի մոտ` լեռան փեշին, հիմնել են նոր բնակատեղի, նորոգել են հին եկեղեցին և գյուղը կոչել Ղըրխբուլաղ (թարգանաբար նշանակում է քառասուն ակունք) շնորհիվ գյուղի շրջակայքում բխող բազմաթիվ աղբյուրների: 1935թ.-ին գյուղը վերանվանվել է Ակունք և ընդգրկված է եղել ՀԽՍՀ Վարդենիսի շրջանում: 1831թ.-ին գյուղը ունեցել է 247, 1939թ.-ին`1678 բնակիչ:
Ակունքը և նրա շրջակայքը հարուստ են ինչպես հեթանոսական այնպես էլ քրիստոնեական ժամանակաշրջանի հնություններով: Գյուղի վարչական տարածքում կան մի քանի միջնադարյան գյուղատեղիներ և խաչքարեր: Լեռների գոգավորության մեջ` Ակունքից 3 կմ հեռավորության վրա, կա հին բնակավայրի ավերակներ, ավերակ եկեղեցի` շուրջը գեղեցիկ խաչքարեր և գերեզմանաքարեր: Խաչքարերից մեկը կերտվել է 1297թ.-ին և կանգուն է:
Ակունքը բարեկարգ գյուղ է, գազաֆիկացված, ապահովված խմելու և ոռոգման ջրով: Ունի միջնակարգ դպրոց` հիմնանորոգված և ջեռուցվող,համակարգչային նոր տեխնոլոգիաներով հարուստ դասասենյակ: Համայնքն ունի մշակույթի տուն, գրադարան, գործող մանկապարտեզ, առողջության առաջնային պահպանման կենտրոն:

Ակունքը սակավահող համայնք է. սեփականաշնորհված վարելահողերի մեկ հողաբաժինը կազմում է ընդամենը 0.52 հա` բաժանված 3 գոտիների: Ամբողջ վարելահողերը գտնվում են բարձրադիր, անջրդի, մեծ թեքությունների վրա` լեռների լանջերին` դժվարացնելով և հաճախ էլ անհնար դարձնելով մշակությունը: Համայնքի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ` աճեցնելով հացահատիկային և բանջարա-բոստանային մշակաբույսեր: Սակայն սակավահողության պատճառով կա զբաղվածության լուրջ խնդիր: Համայնքը ունի մեծ ներուժ, ինչպես բարձրագույն կրթությամբ մասնագետների, այնպես էլ տարբեր բնագավառներում աշխատուժի: Եվ աշխատատեղերի բացակայությունը ստեղծում է սոցիալական մի շարք դժվարություններ:
Գյուղում կա կաթի վերամշակման արտադրություն, որը հնարավորություն է տալիս անասնապահությամբ զբաղվողներին կաթնամթերք վաճառելու և որոշակի կենցաղային խնդիրներ լուծելու:
Չնայած առկա սոցիալական դժվարություններին ակունքցիները միշտ եղել և մնում են ավանդապահ ու հյուրասեր և իրենց յուրահատուկ աշխատասիրությամբ ամեն ինչ անում են ընտանիքը բարեկեցիկ պահելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 10:13:49