Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սևան

Մակերես` 1775,7կմ2

Բնակչություն` 24060

Սևան համայնքը Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային համայնքներից մեկն է:
Սևան քաղաքը գտնում է ծովի մակերևույթից 1925մ բարձրության վրա, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, Երևանից 65 կմ հեռավորության վրա:
Բնակավայրը 1842թ-ին հիմնադրել են եկվոր ռուս աղանդավորները և կոչել են Ելենովկա`ի պատիվ Պավել 1-ին ցարի աղջիկներից մեկի` Ելենայի: 1935թ. այն վերանվանվեց Սևան: 1961թ. բնակավայրին շնորհվեց շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ /մեկ ավանով և տասը գյուղով/, իսկ 1967թ.-ին` հանրապետական ենթակայության:
Հայաստանի վարչատարածքային նոր բաժանմամբ Սևանը դարձավ ինքնուրույն համայնք և ներառում է Սևան քաղաքը, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը, Գագարին բնակավայրը:
2005թ-ին հաստատվեցին համայնքի վարչական սահմանները, որի արդյունքում Սևան համայնքը զբաղեցնում է 1775.7հա հողատարածք:
Իր աշխարհագրական դիրքով Սևանը Հայաստանի ամենալեռնոտ շրջաններից է. գտնվում է Արեգունի, Փամփակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում:
Համայնքն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջությամբ, հանգստի, առողջարանային հիանալի բնակավայր է: Այն առանձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով:
Համայնքի բնակարանային տնտեսության պահպանումն իրականացվում է գործող 4 համատիրությունների միջոցով, որոնք ընդգրկում են 201 բազմաբնակարան շենք:
Համայնքային ոչ առևտրային 11 կազմակերպությունների` 5 նախակրթարանների, Հովհ. Այվազովսկու անվան արվեստի, երաժշտական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի, Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի /7 գրադարան/, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, համայնքային մշակութային կենտրոնի գործունեության շնորհիվ նախադպրոցական կրթության իրականացումը, մարզամշակութային առօրյան, երեխաների արտադպրոցական աշխատանքների կազմակերպումը իրականացվում է համակարգված ու նպատակային:
Համայնքային մշակութային կյանքի ռիթմն ապահովում են «Սևան» ժողովրդական և «Սուինա-Սևան» ժամանակակից պարերի և «Ակորդներ» էստրադային համույթները:
Համայնքում գործում են 6 հիմնական և 1 ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարան, քոլեջ, բժշկական ուսումնարան:
Սևանում է գտնվում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որի բնագիտական թանգարանն էլ Սևանա լճի, տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհի, ժողովրդագրության, ավանդույթների ամբողջական ցուցանմուշների և ցուցադրությունների եզակի վայր է:
Սևանը գործնական-ընկերային ապակենտրոնացված հարաբերությունների ոլորտում ունի լուրջ հաջողություններ: «Սևան-Գրենոբլ» քույր քաղաքներ համագործակցությունը բոլորում է իր 7-ամյա կենսագրությունը և ներառում է զբոսաշրջային, կրթական և առողջապահական ոլորտները` ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը գործնական ծրագրերի տեսքով:
Մեկամյա կենսագրություն ունեն Սևանի և Լեհաստանի Բրոդնիցա քաղաքի միջև հաստատված ապակենտրոնացված հարաբերությունները: Համագործակցության ոլորտներն են` տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի, տեղեկատվության փոխանակում, համագործակցություն կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում, զբոսաշրջության, երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացում:
Վերջին տարիների ընթացքում համայնքում միջազգային և տեղական կազմակերպությունների և համայնքային ներդրումների միջոցով իրականացվել են մի շարք ծրագրեր:
Համայնքի ղեկավար Գ. Մալխասյանի նախաձեռնությամբ 2003թ-ին ստեղծված «Սևան բարեգործական» հիմնադրամի կողմից իրականացված հեռուստամարաթոների միջոցով հանգանակված գումարով իրականացվել են քաղաքապահպան ձեռնարկներ:
Սևանում լույս են տեսնում «Սևան» թերթը, «Ափ» ամսագիրը, գործում է «Գեղամա» հեռուստաընկերությունը:
Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ:
Զբաղվածությունը
Անցյալ դարի 90-ական թթ-ին փակվեցին և սեփականաշնորհվեցին քաղաքի խոշոր ձեռնարկություններն ու գործարանները, որոնք այսօր չեն գործում:
Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր: Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41